[ փետուր ]

ջիւդի

0x0009 - ստեղծագրութիւն

[ա] այս նեարդագրգիռ անապատի պաղ աւազներին պարկած, իմ հայացքը բաց քարացել է վեր գիշերուայ երկնքում իմ վերեւով նրբորէն սահող անհաշուելի շատ նաւերի վրայ։ խուլ ու անդադար ճռռոցներով այս վիթխարի փայտէ անաւթներն քարշ են տարուում հանդարտ դէպի թոյլ լոյսն այդ մէկ աստղի, ասես գահն ամենակարի, ում շուրջ բոլոր ենթարկեալներն պտտուում են հեզ ու բարի։ մաւտիկից տարուող նաւերը դիւթում են իւր ջանացած հանդերձանքով, իսկ հեռուից երեւացողներն, իմ շուրջ փոշի փչող քամիների յետեւից, փափուկ փայլում են իբրեւ աստղիկներ։ ոտներս խրուած աւազների մէջ, ձեռներն իմ ձգուում են վեր այդ անցորդներին, սակայն մարմինս թաղուած է մնում այս անհոգի հողերի տակ։

[բ] եւ ամենը, որ տրուած է անել այս յարատեւ նզովքի մէջ խորտակուած, հանգչելն է գետնին, որպէս իւր ձեռ ու ձիրք կորցրած անդամալոյծ։ լայնատարած ընդարձակութիւնն այս կարող էր գոնէ փոքր ինչ հանդարտեցնող լինել, եթէ շրջապատէին ոչ անհեթեթ շինուածքներն այս ապակակերտ, որ վեր են սլանում շրջապատող ձիւնէ աւազների միջից։ իմ հասակի գլաններ, լայն խոռոչով, նեղ վզիկով, մեծ անճոռնի ժամացոյցեր, լցուած դանդաղահոս աւազներով։ որոշները աւարտուել են, բայց շատերն են դեռ հոսում։ համեստ խմբերգ կազմող կտտոցներով, սրտիս զարկերն զուգակցելով, խելագարող երկիւղն են իմ այս հոգեխեղդ աշխարհում։

․․․

[ փետուր ]